Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Մեֆիստոֆելյան թրքահոտ սլենգ՝ Եռաբլուրի ռեքվիեմի ուղեկցությամբ

Մեֆիստոֆելյան թրքահոտ սլենգ՝ Եռաբլուրի ռեքվիեմի ուղեկցությամբ
05.04.2026 | 21:14

2026 թ․ ապրիլի 5։

Երբ Սուրբ Հարության «առավոտ լուսո» բացեցի աչքերս, ակամա ձեռքերս պարզեցի երկինք, ու առաջին բառը, որ կանչեցի, է՛ր.

- Է՜վրիկա…

Բայց ինչու՞ հատկապես «էվրիկա»:

Որովհետև ինձ վերջապես հաջողվեց գաղտնազերծել «Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը» անբարո խրթնաբանության այլանդակ ու առաջին հայացքից անընկալելի լեզուն:

Է՜վրիկա, քանի որ հասկացա՝ սա մեֆիստոֆելյան հենց այն թաքնագիր թրքահոտ սլենգն է, որով խոսում են բոլոր ծախված հոգիները:

Իսկ ու՞մ պարզ չէ՝ եթե լեզուն թրքահոտ է, ուրեմն հոգին օտարվել է սեփական արմատից ու վաճառվել։

Իսկ լեզուն հոգու հայելին է։ Եթե ամբիոնից հնչող միտքը «թրքահոտ» է, ուրեմն տվյալ լեզվի տերն այլևս կապ չունի իր հողի, արյան ու պատմության հետ։ Նա խոսում է հայերեն, բայց մտածում է թշնամու շահերով։

Հասկացա նաև՝ եթե Գյոթեի «Ֆաուստում» Մեֆիստոֆելը հոգի էր գնում բացառիկ գիտելիքի և հաճույքի դիմաց, ապա մերօրյա «մեֆիստոֆելները» շատ ավելի պրագմատիկ են ու նվաստ. նրանք հոգիները գնում են կոմունալ վճարների, փայտի կտորի, որ աթոռ է, և անձնական անվտանգության դիմաց:

ՈՒ եթե սյուրռեալիստական այս աճուրդում՝

ա) Ռամիլ Սաֆարովի կերպարանքով ուրվագծվող կացնավոր դահիճը կոչվում է «երաշխավոր»,

բ) խայտառակ պարտությունը՝ «պայծառ ապագա»,

գ) կենսական զիջումը՝ «ինքնիշխանություն»,

ապա ամեն ինչ անդառնալի է՝ Աննուշկան արդեն թափել է ձեթը…

Հետևապես, անխուսափելի է նորօրյա «բեռլիոզների» մահը, քանի որ «իրական» Հայաստանի «քաղաքական գործիչները» 44-օրյայից շա՜տ առաջ են ստորագրել իրենց պայմանագրերը՝ սեփական արյունով:

Մեֆիստոֆելյան՝ տարիներ տևած նավթահոտ առևտրից անդին, 2020-ից ի վեր հեկեկում է ընդհանրական մի սիրտ, որի սրտակեղեք լռություն-հեծկլտոցը խլացնում է ոմն ամբիոնահարի ու նրա «վարչաբենդի» նյարդայնացնող ֆալցետը։

Երբ նայում ես փողփողացող դրոշների ռեքվիեմի ուղեկցությամբ լուռ արտասվող Եռաբլուրի սուրբ բարձունքին, զգում ես հանուն պերմանենտ ճողոպրող մի կիսատ-պռատի ամբիցիաները բավարարելու զոհաբերված լույս տղաների ներկայությունը, որոնցից յուրաքանչյուրը անկատար երազ էր ու չապրված կյանք։

Կարկամում ես՝ բարոյական սնանկության մինչև ո՞ր աստիճան պիտի ընկնի կենսաբանական մարդակերպ տեսակը, որ տասնյակ հազարավորների թափած արյունը դարձնի ստոր «առևտրի» մանրադրամ։

Ո՜նց էլի, ո՜նց կարելի է նայել այդ թարմ շիրիմներին ու խոսել «ադրբեջանական երաշխավորության» մասին։

Մի՞թե մի ողջ սերունդ գլխատվեց, որպեսզի ցեղասպանն այսօր հռչակվի մեր անվտանգության պահապան։

Մի՞թե մեր տղաների կտրված գլուխներն ու խոշտանգված մարմիններն ընդամենը «տեխնիկական խոչընդոտ» էին այսօրվա կրպակատիրոջ համար, ով գազի գնի շուրջ սակարկելիս պատրաստ է ուրանալ ամեն ինչ։

Եռաբլուրի լռությունը դատավճիռ է։ Այն հիշեցնում է, որ հայ զինվորի բազուկն էր մեր միակ ու իրական երաշխավորը, իսկ այսօրվա «երաշխավորների» մասին թեզը ոչ այլ ինչ է, քան պղծություն՝ ուղղված այն տղաների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ մենք երբեք չունենանք ադրբեջանական ծագմամբ «երաշխավոր»։

Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ բարոյական անդունդ, որտեղից ելք չկա նրանց համար, ովքեր հայրենիքի փլատակների վրա են փորձում իրենց համար «ապագա» կառուցել։

.Կարևոր հստակեցում՝ իսկ ովքե՞ր են մերօրյա մեֆիստոֆելները։

Վստահաբար փաստենք՝ մեկ անձ չէ, որ անուն հնչեցնենք։ Մի ամբողջ համակարգ ու տեսակ է, որը գործում է ստվերում կամ փայլփլուն, «կանաչահամ ու կանաչահոտ» դիմակ-նավթադոլարների հետևում։ Եթե փորձենք մատնանշել նրանց, ապա դրանք այն ուժերն ու կերպարներն են, որոնք օգտագործում են մարդկային տկարությունները՝ պետականությունն ու ազգային արժանապատվությունը քանդելու համար։

Դրանք գլոբալ այն «ճարտարապետներն» են՝ արտաքին այն ուժերն ու կենտրոնները, որոնց համար փոքր երկրների ճակատագիրն ընդամենը աշխարհաքաղաքական շախմատի անկարևոր խաղատախտակ է։

Նրանք են առաջարկում «գայթակղիչ» պայմանագրերը՝ խոստանալով «խաղաղություն» և «բարեկեցություն», բայց իրականում պահանջում են հրաժարվել ինքնությունից և հիշողությունից։ Նրանք լավ գիտեն՝ ինչպես մատուցել կործանումը «դեմոկրատիայի» կամ «ձրի խաղաղության» փայլփլուն փաթեթով։

Սրանք այն «ուղեղային կենտրոններն» ու քարոզիչներն են, որոնք մշակում են հայ հանրությանը նետված թունավոր խայծ-թեզերը։ Նրանց խնդիրն է իմաստազրկել սրբությունները, փոշիացնել արժեքները։

Այդ նրանք են, որ, զորօրինակ, ԿԳՄՍ նախարար կոչվածի միջոցով համոզում են, թե հայրենասիրությունը «հնացած» բան է, վտանգավոր ու կեղծ գաղափարախոսություն։ Նրանք են, որ էքս-առաջին տիկնոջ շուրթերով զինվորի սխրանքը համարում են «զոհողություն հանուն ոչնչի»։

Նաև նրանք են, որ երկրի օրենսդիր մարմնի խոսնակ կոչվածի գործուն օգնությամբ թշնամու երաշխավորությունը «ռեալիստական քաղաքականություն» են անվանում։

Սա Մեֆիստոֆելի ամենավտանգավոր դրսևորումն է, քանի որ սպանում է դիմադրության ոգին՝ մինչև առաջին կրակոցը։

Մերօրյա մեֆիստոֆելները նաև նրանք են, ովքեր տիրապետում են «կոմպրոմատների» ու լծակների։ Նրանք գիտեն իրենց ձևավորած վարչակույտի թույլ տեղերը՝ լինի փողի ծարավը, թե մահացու վախը պատասխանատվությունից։

Նրանք ուղղորդում են փողոցից իշխանության եկած պատահական բոսյակներին՝ ստիպելով ստորագրել փաստաթղթեր, որոնք դատավճիռ են ազգի համար։

Սրանք այն մարդիկ են, ովքեր հասարակության մեջ տարածում են «դե լավ, ի՞նչ անենք», «մեկ է՝ ոչինչ չի փոխվի», «կարևորը գազի գինն է» նիհիլիստական մտածողությունը։

Մեֆիստոֆելը հաղթում է այնտեղ, որտեղ սպանված են հույսն ու հավատը։

Ժամանակակից Մեֆիստոֆելը նա է, ով սովորեցնում է հայ մարդուն ապրել առանց Արցախի, առանց Եռաբլուրի առաջ ամոթի զգացումի և առանց ապագայի հեռապատկերի։

Մեր իրականության մեֆիստոֆելներն իշխանության ամբիոնը վերածել են կրպակի, իսկ պետությունը՝ սակարկության առարկայի։ Նրանք սնվում են մեր վախերից և մեր լռությունից։

ՈՒ քանի դեռ հայկական ամբիոնից հնչում են թշնամուն «երաշխավոր» կարգող խոսքեր, նշանակում է՝ Մեֆիստոֆելը դեռևս իր գրասեղանի առջև է ու սպասում է հերթական հոգու վաճառքին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ